понедельник, 10 июня 2019 г.

Եղիշե Չարենց

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», նա հանդես էր գալիս Չարենց գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:
Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940- ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի:. Այնուհետև, 1918 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի: 1919 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև ,1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի: Գմբեթի խաչը վաղուց հանված է, սակայն Գմբեթի շուրջ 12 առաքյալների քանդակներն անվնաս են մնացել և առաջին իսկ հայացքից նույնիսկ օտարի համար ակնհայտ է, որ եկեղեցին հայկական է:

Комментариев нет:

Отправить комментарий