Վերածնունդ
Վերածնունդ կամ Ռենեսանս (ֆր.՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento), Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։

Վաղ Վերածնունդ

Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։

Բարձր Վերածնունդ

Վերածննդի շրջանի բարձրակետը համընկնում է 16- րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը։ Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով։ 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն։ Բախումների ողբերգականությունը հերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները։

Ուշ Վերածնունդ

1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները՝ Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում՝ Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։

Լեոնարդո դա Վինչի: Բարձր վերածնունդ

Картинки по запросу լեոնարդո դա վինչիԼեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի (իտալ.՝ Leonardo di ser Piero da Vinci, հաճախ՝ Լեոնարդո դա Վինչի, կամ պարզապես Լեոնարդո), Վերածննդի իտալացի նշանավոր գիտնական, որի ուսումանսիրությունների շառավիղը ներառում է գյուտարարական, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գիտության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության, գրականության, անատոմիայի, երկրաբանության, աստղագիտության, բուսաբանության, գրության, պատմության և քարտեզագրության ոլորտները։ Նրան բազմիցս կոչել են հնէաբանության, ճարտարագիտության և ճարտարապետության հայր, և նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը: Երբեմն նրան են վերագրում օդապարիկի, ուղղաթիռի և տանկի գյուտերը, և նա առաջինն է բնորոշել Վերածննդի մարդասիրական իդեալը:
Լեոնարդոն ծնվել է նոտար Պիերո դա Վինչիի և մի գյուղացի կնոջ՝ Կատերինայի, արտամուսնական կապից, Ֆլորենցիայի Վինչի տարածաշրջանում: Նա կրթություն է ստացել նշանավոր ֆլորենտացի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյի ստուդիայում: Իր ստեղծագործական կյանքի մեծ մասն անց է կացրել Միլանում՝ Լյուդովիկո իլ Մորոյի մոտ աշխատելով: Հետագայում նա աշխատել է Հռոմում, Բոլոնյայում և Վենետիկում, իսկ իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի Ֆրանցիսկոս Առաջինի կողմից իրեն նվիրած տանը:
Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ: Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզա ն է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը: Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա:
Լեոնարդոյի նկարներից Սալվատոր Մունդին  2017թ. նոյեմբերի 15-ին, Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն դոլարով, որը արվեստի ստեղծագործության համար վճարված ամենաբարձր արժեքն է: Ենթադրվում է, որ նրա նկարներից միայն 15-ն են պահպանվել:
Լեոնարդոն հիացմունքի է արժանի իր տեխնոլոգիական գյուտարարության համար: Նա նախագծել է թռչող մեքենաներ, մարտական մեքենայի մի տեսակ, արևային էներգիա ստանալու հարմարանք, գումարում կատարող սարք, և նավերի կառուցման կրկնակի կորպուս: Լեոնարդոյի գծագրերից շատ քչերն են կառուցվել կամ նույնիսկ իրատեսական եղել իր կյանքի ընթացքում, քանի որ ժամանակակից գիտական մոտեցումները մետալուրգիային և ճարտարագիտությանը սկիզբ են առել Վերածննդի դարաշրջանում միայն: Ինչևէ, նրա ավելի փոքր մասշտաբի գյուտերը, օրինակ, ավտոմատացված փամփուշտներն ու մետաղալարերի առաձգականության ուժը չափող սարքը անմիջապես մտան արդյունաբերության ոլորտ: Լեոնարդոյի ամենակիրառելի գյուտերից որոշներն այսօր ցուցադրվում են որպես աշխատող ցուցանմուշներ Վինչիի թանգարանում: